Իրան-Հայաստան երկաթուղու բանակցություններում չինական 3 ընկերություն է մասնակցում։ Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Նախարարը նշել է, որ Չինաստան կատարած կառավարական այցելության արդյունքում շինարարությամբ հետաքրքրվող ընկերությունների թիվը հասել է երեքի։ «Մենք ակնկալում ենք, որ մինչեւ տարվա վերջ մի ընկերության ներկայացուցիչները Հայաստան կժամանեն ավելի առարկայական բանակցություններ վարելու համար։ Մյուս երկուսի ներկայացուցիչները կայցելեն 2016թ. գարնանը»,- ասել է նա։
Նշենք, որ երկաթուղու կառուցումը ծրագրվում է իրականացնել 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար: 2013թ. Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:





























