Ցանկացած ամսվա 13-րդ օրվա ուրբաթի հետ բազմաթիվ մոգական մտքեր են կապված, իսկ կենցաղում բազմաթիվ մշակույթներում այն անհաջողության օր է համարվում: Ոմանք նշում են «խորհրդավոր զուգադիպությունը», երբ որոշ բացասական իրադարձություններ համընկնում են հենց ամսվա 13-րդ օրվա ուրբաթի հետ:
Իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել այդ օրվա հանդեպ այդպիսի վախի ու իրարանցման պատճառը: Գոյություն ունի մի քանի տարբերակ: Դրանցից մեկի համաձայն՝ Ադամն ու Եվան հենց ուրբաթ են ճաշակել արգելված պտուղը: Մյուս պնդումների համաձայն էլ՝ Կայենն Աբելին սպանել է ուրբաթ, ամսվա 13-րդ օրը:
Իսկ ոմանք այս նախապաշարմունքը կապում են Խորհրդավոր ընթրիքի հետ, որին 13 մարդ է մասնակցել՝ Հիսուս Քրիստոսն ու նրա 12 աշակերտները: 13-րդը մատնիչ Հուդան է:
Միջնադարում սովորույթ կար 13-րդ կարկանդակն ավելացնել, եթե ինչ-որ մեկը 12 հատ էր գնել: Իսկ կաթոլիկների մոտ 13-ը սուրբ թիվ է, քանի որ այն Քրիստոսի եւ 12 առաքյալների խորհրդանիշն է: Միջնադարում «սատանայական դյուժինի» հետ կապված մեկ այլ հասկացություն կար. համարվում էր, որ կախարդների շաբաշը կարող է կայանալ միայն 12 վհուկի եւ սատանայի մասնակցությամբ, արդյունքում՝ կրկին 13:





























