Հոնկոնգի յոթամյա բնակչուհի Ժոզեֆին Լաուն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ադամանդի՝ «Կապույտ լուսնի» տիրուհին, որի քաշը տասներկու կարատ է եւ որը նոյեմբերի 12-ին Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 48,4 միլիոն դոլարով։ Աղջկան նման արքայական նվեր է տվել նրա հայրը՝ միլիարդատեր Ջոզեֆ Լաուն։
Associated Press գործակալության տվյալներով, շինարարական մագնատն այդ գիշեր 77 միլիոն դոլար է ծախսել ադամանդների վրա։ «Կապույտ լուսնի» հետ միասին նա ձեռք է բերել նաեւ վառ վարդագույն մի ադամանդ, որի քաշը 16,08 կարատ է, որը եւս դստերն է նվիրել՝ ադամանդը նրա պատվին անվանելով «Քնքուշ Ջոզեֆին»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ջոզեֆ Լաուն մի ամբողջ կարողություն է ծախսում թանկարժեք քարերի վրա։ 2009 թվականին նա 9,5 միլիոն դոլարով մեկամյա Ջոզեֆինի համար 7,3 կարատ քաշով ադամանդ էր գնել եւ անվանել էր «Ջոզեֆինի աստղ», տեղեկացնում է Lifenews-ը։
Ջոզեֆ Լաուն չի մոռանում նաեւ մյուս դստերը՝ 13-ամյա Զոեին։ Անցյալ տարվա նոյեմբերին նա 33 միլիոն դոլարով աղջկա համար կապույտ ադամանդ էր գնել, որը վերանվանել էր «Զոեի ադամանդ»։ Եվս 8,4 միլիոն դոլար էր արժեցել հակինթը եւ ադամանդե կրծքազարդը։ Անցյալ տարի Ջոզեֆ Լաուն, որի կարողությունը Forbes ամսագիրը 9,9 միլիարդ դոլար է գնահատում, աղմկալի սկանդալի կենտրոնում է հայտնվել. օլիգարխին մեղադրել են չինական Մակաո վարչական շրջանի մի պաշտոնյայի հողի հետ կապված մեքենայության համար 2,6 միլիոն դոլար կաշառք տալու համար։ Այն ժամանակ Լաուին հինգ տարի երեք ամիս ժամկետով ազատազրկման էին դատապարտել։




























