Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Էբիգեյլ» փոթորիկը, ինչի հետեւանքով հազարավոր տներ զրկվել են էլեկտրականությունից, դպրոցներ են փակվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Sun-ին:

Փոթորիկը սկսել է շարժվել գիշերը ժամը 1-ի սահմաններում, Հեբրիդյան եւ Շեթլանդյան կղզիներից: Քամու արագությունը հասնում է ժամում 160 կմ-ի: Օդերեւութաբանական կենտրոնը նախազգուշացրել է եղանակային վտանգի դեղին աստիճանի մասին՝ հայտարարելով, որ ուժեղ քամի, հեղեղներ ու ամպրոպ են կանխատեսում Շոտլանդիայի մեծ մասի եւ Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմտյան հատվածի համար

Հեբրիդյան եւ Արեւմտյան կղզիների իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես փակել դպրոցները: Նրանց օրինակին կարող են հետեւել նաեւ Օրկեյի կղզիները:

Նշվում է, որ փոթորկի սկսվելու պահին մի բրիտանացի փորձել է հասնել Բրիտանական կղզիների ամենաբարձր կետ՝ Բեն Նեւիս լեռ: Լեռնափրկարարներից մեկը Facebook-ի իր էջում գրել է, որ տղամարդուն գտել են կրծքավանդակի վնասվածքով եւ տեղափոխել լեռան ստորոտ:

Ներկայում ինժեներները փորձում են վերականգնել էլեկտրականությունը: Կանխատեսումների համաձայն, «Էբիգեյլ» փոթորիկը կշարունակի մոլեգնել ամբողջ օրվա ընթացքում: