Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիեւում, Խարկովում եւ Լվովում, զենքի եւ պայթուցիկների կիրառմամբ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Այսօր, լսելով ՆԳՆ օպերատիվ ծառայությունների զեկույցները, հաշվի առնելով Ուկրաինայի Անվտանգության խորհրդի տրամադրած տեղեկությունը, ես որոշեցի բացահայտ դիմել յուրաքանչյուրիդ: Օպերատիվ ծառայությունների տվյալների համաձայն, առաջիկա մի քանի օրերին հակաուկրաինական ապակառուցողական ուժերի կողմից երկրում իրավիճակի ապակայունացման ուղղված փորձեր են արվելու»,- ասված է Ավակովի գրառման մեջ:
Նախարարի խոսքով, որոշում է ընդունվել իրավապահ բոլոր կառույցներն աշխատանքի ուժեղացված ռեժիմի բերելու մասին:




























