Մեկ տարի անց եզդիները «Իսլամական պետության» գրոհայիններից կարողացել են ազատագրել եզդիաբնակ Շանգալը (արաբերեն՝ Սինջար), սակայն հիմա էլ վտանգի են սպասում քրդերի կողմից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Հասան Հասանյան՝ նշելով, որ եզդիները այժմ սպասում են նոր արհավիրքների՝ այս անգամ քրդերի կողմից:
«Եզդի ազատամարտիկները համախմբվեցին, զենք ձեռք բերեցին, կարողացան ազատագրել այն՝ շնորհիվ Ռուսաստանի եւ այլ երկրների, որոնք այդ ընթացքում ռմբակոծությունների շնորհիվ կարողացան ԻԼԻՊ-ի գրոհայինները հետ քաշվեցնել: Սակայն, հիմա քրդերն ասում են, որ իրենք են ազատագրել Սինջարին եւ եզդիների դրոշը չպետք է բարձրանա այնտեղ»,-ասաց Հասան Հասանյանը:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանն էլ նշեց, որ եզդի ազատամարտիկները նոյեմբերից նախապատրաստական աշխատանքներ են տարել եզդիաբնակ հողերը ազատագրելու համար եւ 10 հազարի հասնող մարտիկները վերջապես կարողացել են ռազմական գործողությունների միջոցով ազատագրել եզդիաբնակ որոշ հողեր, սակայն մի քանի եզդիաբնակ հողեր դեռ գտնվում են ԻՊ գրոհայինների հսկողության տակ. «Քրդերը կարելի է ասել, որ ընդհանրապես մասնակցություն չեն ունեցել հողերի ազատագրական պայքարին, բայց այսօր նրանք վերագրում են իրենց դա»:
Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:
2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում եւ հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետեւանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի եւ ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել եւ տեղափոխվել Սինջարի լեռներ:




























