Հոգեբանները 15 տարի շարունակ ուսումնասիրել են 65-103 տարեկան մարդկանց մոտ ընկճախտի նախանշանները եւ պարզել են, որ իրականում տարեց մարդիկ երիտասարդներից երջանիկ չեն։

Ավելի վաղ կարծիք կար, որ տարեցները երիտասարդներից երջանիկ են լինում։ Սակայն նախորդ հետազոտություններին մասնակցել են մինչեւ 85 տարեկան մարդիկ։ Կանադայի, Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ավստրալիայի համալսարանների գիտնականները 15 տարի շարունակ ուսումնասիրել են 65-103 տարեկան ավելի քան 2 հազար մարդու հոգեկան վիճակը։ Առաջին հերթին ստուգել են ընկճախտի նախանշանները, ինչպես նաեւ ընկճախտի դրսեւորման գենդերային տարբերությունները, փոխանցում է Gazeta-ն։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 65 տարեկանից հետո կյանքից դժգոհ մնալու զգացողությունը նորից շարունակում է աճել։ Սակայն տղամարդկանց մոտ դա ավելի արագ է զարգանում։ Բացի այդ, հոգեբանները պնդում են, որ մեծ հասակում ընկճախտը անմիջական կապ ունի մարդու առողջական վիճակի եւ ֆիզիկական ակտիվության հետ։