Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus А321 օդանավում պայթուցիկ սարքը կարող էր տեղադրված լինել ուղեւորի նստատեղի տակ՝ պատուհանի կողքին, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրը հայտնել է, որ պայթյունը ենթադրաբար որոտացել է ոչ թե օդանավի բեռնախցի հատվածում, որը տեղակայված է ուղեւորատար սրահի տակ, այլ պոչամասում։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթուցիկ սարքը կարող էր լինել ուղեւորի նստատեղի տակ՝ պատուհանի մոտ։
Օդանավը, որի պոչամասը անմիջապես պոկվել էր, օդում մասնատվել էր, իսկ օդանավում գտնվող մարդիկ վայրկենապես մահացել էին ճնշման կտրուկ տատանումից։
Օդանավի մնացորդների հետաքննության ընթացքում ԱԴԾ մասնագետները հայտնաբերել են մեկ մետր տրամագծով ճեղքված ֆյուզելյաժի մի մասը, որի եզրերը կարծես թե ծալված էին դեպի դուրս։ Նման ճեղք կարող էր առաջանալ հզոր պայթուցիկ սարքի պատճառով։
Փորձագետները ենթադրում են, որ ռումբը օդանավ կարող էր բարձրացնել Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը՝ օդանավի հավաքարարը կամ ուտելիքը եւ ուղեբեռը օդանավ բարձրացնող աշխատակիցը։ Հավանաբար պայթուցիկն ունեցել է ժամային մեխանիզմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ LifeNews-ը հրապարակել էր 321 օդանավի պայթյունի պատկերը եւ այն ճամպրուկի տեսագրությունը, որը ենթադրաբար պայթել էր A321 ինքնաթիռում։





























