Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն ընթանում է խախտումներով: Այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն լծակ օգտագործում են՝ հանրաքվեն անցկացնելու համար:
«Նախեւառաջ ուռճացված են ընտրացուցակները: Բերեմ մեկ օրինակ. ըստ այդ ցուցակների՝ Հայաստանում կա 100-ից ավելի տարեց, որի 100-ամյակը լրացել է: Սա նշանակում է, որ մենք Գինեսի ռեկորդ ունենք... Իսկ ընտրացուցակներն ուռճացրել են, որ լցոնում անեն այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը չի վերահսկում: Երկրորդ՝ վարչական ողջ ռեսուրսը օգտագործում է ՀՀԿ-ն, պետական մարմիններում աշխատողները ճնշումների են ենթարկվում: Երրորդ՝ Հ1-ը բանավեճերի համար եթերաժամանակ չի տրամադրում, որ հանրությունը հասկանա՝ դեմ քվեարկել այդ հանրաքվեին, թե կողմ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ ընդդիմությունը շատ մեծ անելիք ունի. դեռ մինչեւ հանրաքվեի անցկացումը՝ նրանք պետք է քաղաքական թիմ հավաքեին, որ այսօր բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ունենային. «Ընդդիմությունը նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածուներ չի առաջադրում, մինչդեռ հիմքը հենց համայնքից պետք է դրվեր»:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի վեցին, Սաքունցը հորդորեց հանրությանը քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:





























