ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց` երկու երկրներում գործում են դեսպանություններ, ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են առեւտրատնտեսական հարաբերությունները, որոնց արդյունքում ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերոնշյալ ձեռքբերումները խոսում են երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու եւ ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության եւ վճռականության մասին:

Նախագահը մաղթել է, որպեսզի Իրաքում շուտափույթ խաղաղություն եւ կայունություն հաստատվի: ՀՀ նախագահը եւ Իրաքի դեսպանը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպան Խալեդին շնորհակալություն է հայտնել գնահատանքի եւ բարեմաղթանքների համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ էր պաշտոնավարել հարուստ պատմություն եւ մշակույթ ունեցող հինավուրց Հայաստանում, որտեղ ձեռք է բերել մեծ փորձ եւ բազմաթիվ ընկերներ:

Նա վստահեցրել է, որ որտեղ էլ հետագայում իրականացնի իր դիվանագիտական աշխատանքը՝ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: