Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգեւորականները հունվարի 1-ից կսկսեն աշխատավարձ ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ նշելով, որ կառավարության՝ հոկտեմբերի 15-ին կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու 2016թ.-ից:

«Բանակում ծառայություն իրականացնող 53 հոգեւորական կա: Նրանց թիվը չի ավելանալու եւ արդեն հունվարի 1-ից նրանք կսկսեն աշխատավարձ ստանալ»,- ասաց տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Նշենք, որ աշխատավարձի չափը կկազմի 125-300 հազար դրամ՝ կախված Հայ եկեղեցու սպասավորի հոգեւոր կոչումից եւ ընտանիքի անդամների թվից:

Հիշեցնենք, որ ըստ որոշման՝ պաշտպանության նախարարության եւ Մայր Աթոռի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սկսած 1997 թվականից Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր սպասավորները մշտական հիմունքներով հոգեւոր ծառայություն են իրականացնում ՀՀ զինված ուժերի զորամասերում: Ներկայումս նշված ծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 51 հոգեւորական, վերջիններս ծառայության դիմաց որեւէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով, որի կապակցությամբ նախատեսվում է հոգեւոր ծառայության դիմաց սահմանել ամսական կենսաապահովման ծախսերի չափերը, ինչպես նաեւ բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը: