Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ի երկու անչափահաս դուստրերի հետ հոգեբան է աշխատում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կնոջ քույրը՝ Ն.Ս.-ն։

«Երեխաներին երկու օր առաջ տարա հոգեբանի մոտ։ Հոգեբանը նրանց հանձնարարել է նկարել, որպեսզի պարզի, թե հոգեբանական ինչ վիճակում են գտնվում նրանք»,-ասաց Ն.Ս.-ն՝ հավելելով, որ հոգեբանի հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։

Ն.Ս.-ն նշեց, որ երեխաներին հոգեբան է տրամադրել «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհուրդի՝ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում է ընդգրկված Լուսինեի ընտանիքը։

Լուսինեի անչափահաս դուստրերն այժմ մորաքրոջ խնամքին են։

Կնոջ վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ, եւ քրոջ խոսքով, հիվանդանոցում կմնա եւս մեկ շաբաթ։

Նշենք, որ Լուսինե Ս.-ն երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել: Իսկ դեպքից առաջ սկանդալ է սարքել Երեւանի սուպերմարկետներից մեկում, սպառնացել կտրել իր կոկորդը:

Կինը երկու տարի առաջ իր բնակարանում գողության դեպքից հետո նյարդային վիճակում է հայտնվել, պայքարում է, որպեսզի ոստիկանները բացահայտեն գողությունը:

Լուսինե Ս.-ի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ ինքը որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:

Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել: