Սա կայունացման բյուջե է, եւ եթե աշխատավարձները 2015-ին 80 մլրդ դրամով բարձրացրած չլինեինք, կարող էինք բաշխումներ կատարել՝ 20-30 մլրդ-ի չափով. Դրա արդյունքում 2016-ի բյուջեով կնախատեսվեր թոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով այն քննադատություներին, որ այս բյուջեով չի նախատեսվում առաջընթաց, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, մինչդեռ գնաճ նախատեսվում է:

«Եթե մենք այդ գումարը կես-կես բաշխեինք 2016-2017 թվականների վրա, իրավիճակն այլ կլիներ: Մենք միանգամից այդ քայլը կատարել ենք, որպեսզի 2016-ին կայունացնենք իրավիճակը, որ հետո կարողանանք առաջ շարժվել: Եթե մենք գնանք միայն սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որեւէ առաջընթացի մասին չենք կարող մտածել: Մենք պետք է կարողանանք ներողություն խնդրելով հանրությունից, որ չենք բարձրանում աշխատավարձերը, կարողանանք կայունացման խնդիր լուծենք: Հակառակ դեպքում մենք կարող ենք մեկ-երկու տարի սոցիալական խնդիրները լուծենք եւ կանգնենք փաստի առջեւ»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Նա 2016-ի բյուջեի նախաիծը քննադատողներից ՕԵԿ-ականներին, որոնք կանխատեսում են, որ շատ վատ է լինելու, քանի որ այս բյուջեով աղքատության նվազման, արտագաղթի կրճատման եւ աշխատատեղերի ստեղծման խնդիրները չեն լուծվում, հորդորել է վերականգնել հիշողությունը: «Աշխատավարձերի, թոշակների բարձրացում անցած տարվա բյուջեով եղել է, աղքատության կրճատման համար պետք է ստեղծվի կայունություն, աղքատությունը մկրատով չեն կրճատում»:

Վահրամ Բաղդասարյանը կայունություն ստեղծելու միջոցներին չի անդրադարձել, միայն շեշտել է դրան խոչընդոտող համաշխարհային տնտեսության վատթարացումը:

Բաղդասարյանը վրդովվել է այն քննադատություններից, որ սուղ բյուջեի պարագայում շեշտում են կառավարության շռայլ ծախսերը, մեծաքանակ ծառայողական ավտոմեքենաների առկայությունը:

«Դուք պատկերացնում եք՝ Ազգային ժողովը չունենա այդ մեքենաները, մենք դելեգացիաներ ընդունելիս, արդեն պետք է վարձով վերցնենք մեքենաները: Այդքան վարձո՞վ վերցնենք: Եղած մեքենաները գումար չեն կազմում: Դրանց ծախսերն ի՞նչ են եւ եթե մենք 50-60 հոգանոց պատվիրակություն ենք ընդունում, բոլոր մեքենաները օգտագործում ենք: Պատկերացնում եք այդ մեքենաների հարցը ինչպես ենք լուծելու»:

Հարցին, թե 80 ծառայողական մեքենայո՞վ են տեղափոխում պատվիրակության անդամներին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է. «Բոլոր մեքենաները տրամադրվում են, 80-ից 30-ը կանգնած են որպես մետաղի ջարդոն: Էդ մեքենաների տարեթվերը նայեք: Բերում են Դանիայի օրինակը, ախր յուրաքանչյուր երկիր ունի իր սպեցիֆիկան: Միթե դա են ճոխություն համարում»: