Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալ Վարազդատ Սաֆարյանը սպանության դեպքից հետո դուրս է եկել ինստիտուտից: Նրա պաշտպան Ազատ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն այժմ ծառայում է Հայոց բանակում:
Պաշտպանը տեղեկացրեց, որ Վարազդատը ծառայում է սահմանին, ու նրան պետք է նիստին ներկայացնեին համապատասխան մարմինները, ինչը չեն արել, այդ պատճառով նա այսօր` նոյեմբերի 18-ին, ներկա չէր գործով դատական առաջին նիստին:
Հիշեցնենք, որ նիստն այսօր հետաձգվեց Վարազդատ Սաֆարյանի, նրա պաշտպանի եւ մեկ այլ պաշտպանի բացակայության պատճառով:
Վարազդատ Սաֆարյանը չի մեղադրվում Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ, սակայն նրա գործը նույնպես քննվում է սպանության գործի հետ:
Վարազդատին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվողներ Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և նրա կողմից հակադարձում ստանալուց հետո, երկու ամիս անց ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Բացի դրանից, նա ըստ Հայկազի հոր տեղեկությունների, սպանության ժամանակ դրսում կանգնած հսկել է, որ նախազգուշացնի Հայկազին ծեծող տղաներին որեւէ մեկի գալու դեպքում։
Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 359-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող, 19–ամյա Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Սպանության մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար (պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ):
Գործով առաջին դատական քննությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պաշտպաններից երկուսի բացակայության պատճառով:
Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, պաշտպանական կողմը` դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությունը ձեռք չի բերել իրենց պաշտպանյալների մեղավորությունն ապացուցող բավարար փաստեր:





























