Ֆրանսիացիների 84 տոկոսը համաձայն է սահմանափակել իր անձնական ազատությունները՝ հանուն անվտանգության: Նման տվյալներ են ստացվել Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի անցկացրած հարցումների արդյունքում, որը կատարվել է Le Figaro թերթի եւ Լյուքսեմբուրգի ռադիոյի եւ հեռուստատեսության (RTL) պատվերով:

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետո ֆրանսիացիների 88 տոկոսը ահաբեկչական սպառնալիքը բարձր է համարում: Համեմատության համար նշենք, որ «Շառլի էբդո» երգիծական ամսագրի դեմ ահաբեկչությունից հետո այդ մակարդակը կազմում էր 93 տոկոս: «Ցնցված է ողջ Ֆրանսիան» հայտարարել է Ifop-ի հարցումների բաժնի ղեկավար Ժերոմ Ֆուրկեն:

Ձախերի կողմնակիցները, որոնք միշտ անզիջում կանգնած են եղել քաղաքացիական իրավունքների պաշտպանության դիրքերում, հիմա հակվում են անվտանգության կողմը:

Ինչպես «Շառլի էբդո»-ի դեպքերից հետո, հիմա էլ ոստիկանության, ժանդարմերիայի եւ հետախուզության ուժերի նկատմամբ հավատը մեծ է՝ 87 տոկոս: Բայց նույնը չի կարելի ասել կառավարության եւ Ֆրանսուա Օլանդի մասին: Անվտանգության հարցերում նրան վստահում է ֆրանսիացիների միայն 50 տոկոսը:

Ֆրանսիացիների 74 տոկոսը համաձայն է բանտարկել այն անձանց, որոնք անվտանգության մարմիններում հաշվառման են կանգնած: Ընդ որում դրան համաձայն են թե աջերի, թե ձախերի կողմնակիցները:

Սիրիայում ռազմական միջամտությունը աջակցում է հարցվածների 85 տոկոսը, թեեւ ահաբեկիչներն իրենց գործողություններն արդարացնում են Ֆրանսիայի նախկին ռազմական գործողություններով: Վերջապես, հարցվածների 62 տոկոսը դեմ է միգրանտներին ընդունելուն, թեեւ ընդամենը մեկ ամիս առաջ այդպես էր կարծում ֆրանսիացիների 47 տոկոսը: