ԱՄՆ-ը կարող է եւ պատրաստվում է Հայաստանի իշխանություններին խորհրդատվություն եւ աջակցություն ցուցաբերել երկիրը անմիջական օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու համար։ Այս մասին Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շատ է հպարտանում Հայաստանին 1992թ.-ից ի վեր 2 մլրդ դոլարի օգնություն ցուցաբերելու հանգամանքով։ «Մենք հավատում ենք, որ այդ օգնությունը կնպաստի Հայաստանն ավելի բարգավաճող երկիր դարձնելուն։ Կարեւոր է նաեւ իմանալ, որ այդ երկխոսության առանցքը տնտեսական շահերից թեքվել է դեպի երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալները մեծացնելու քննարկումները, որոնք Հայաստանը կդարձնեն անմիջական օտարերկրյա ներդրումների պրակտիկ վայր։ Իսկ դա տնտեսական եւ ժողովրդավարական  բարեփոխումների եւ հայ ժողովրդի բարգավաճման առանցքային շարժիչն է»,- ասել է Բրինքը։

Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը՝ Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրեց, որ հունվարին ԱՄՆ-Հայաստան միասնական տնտեսական օպերատիվ խումբը (The USA – ArmeniaTask Force – USATF) համաձայնություն էր ձեռք բերել, որով Հայաստանի քաղաքացիները 10 տարով ԱՄՆ բազմակի մուտքի վիզա էին ստանում։ «Վերջերս մեր երկրները Երեւանում անցկացրեցին Առեւտրի եւ ներդրումների հարցերով ԱՄՆ-Հայաստան խորհուրդը (Trade and Investment Framework Agreement – TIFA)։ Խորհրդի ստեղծումը կնպաստի առեւտրի հարցերում առավել մանրամասն քննարկումներ անցկացնելուն»,- եզրափակել է Բրիջիթ Բրինքը։