Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագրի ստորագրման հարցով դեռեւս որոշում չի կայացվել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 17-ին կայացել է Առեւտրի եւ ներդրումների հարցերով ԱՄՆ-Հայաստան խորհրդի նիստը։ «Խորհրդի նիստում քննարկվել են կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կարող են ազդել առեւտրային հարաբերությունների վրա։ Ներկայիս հանդիպմանը կքննարկվի, թե ինչպես մենք կարող ենք խթանել Հայաստանի աճին եւ տնտեսական զարգացմանը ռազմավարական տեսանկյունից»,- նշել է դեսպանը։
Միլսի խոսքով՝ քննարկվելու են էներգետիկ անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարությունը, ջրային պաշարների կառավարումը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարությանն ու բնակչությանը ցուցաբերվող օգնությունը։ «Օրակարգում ներառված է նաեւ հարցը, թե որքանով է անհրաժեշտ եւ նպատակահարմար այս պահին կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագրի ստորագրումը։ Մենք դա կքննարկենք մեր հայ գործընկերների հետ եւ կորոշենք, արժի արդյոք քայլեր կատարել այդ ուղղությամբ»,- հավելել է ԱՄՆ դեսպանը։




























