Ամերիկյան կողմն առաջարկում է քննարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը կարգավորելու հարցը մի քանի ավելի լայն համաձայնագրի շրջանակում:  Այդ մասին նոյեմբերի 19-ին Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է  փոխվարչապետ, տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:  

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքումը, նախարարի խոսքով, այն հարցերի թվում է, որ բարձրացրել է Հայաստանը եւ հենց դրա շուրջ էլ կընթանան քննարկումները:   «Ամերիկյան կողմն առաջարկում է քննարկել այն ավելի կոնկրետ մակարդակում, ինչը հնարավորություն կտա առաջ գնալ: Այս պահին մենք քննարկումներ ենք իրականացնում տեխնիկական մակարդակում` փորձելով հասկանալ, թե արդյոք գոյություն ունեն ներդրումներին խոչընդոտող հանգամանքներ, որպեսզի ավելի արագացված տեմպով առաջ գնանք, թե հնարավոր կլինի հարցը կարգավորել այլ իրավական ռեժիմների շրջանակում», - նշել է Գաբրիելյանը: Այսինքն խոսքն այն մասին է, շարունակել է փոխվարչապետը, թե ինչ լուծումներ կարելի է գտնել ներդրումների խթանման համար:  «Այս պահին մեր խնդիրն այն չէ, որ կրկնակի հարկումը խանգարել է որեւէ խոշոր ներդրման:  Եվ խնդրի քննարկման հետաձգումը մինչ այժմ պայմանավորված էր նրանով, որ դա էական գործոն չէր: Այժմ մենք ուզում ենք վերացնել նաեւ փոքր գործոնները», - հավելել է Վաչե Գաբրիելյանը: