ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս հարեւանների հետ Հայաստանի առեւտրի զարգացմանը, մասնավորապես հարեւան երկրների հետ էներգետիկ համակարգերի գծերի կառուցմանը։ Այս մասին նոյեմբերի 19-ին Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների  հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ,  Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կմեծանա։ «Մասնավորապես հիմա, երբ հայկական շուկայում հայտնվել է  «Contour Global» ամերիկյան ընկերությունը, արդեն ներկրվում են որոշ տեխնոլոգիական սարքավորումներ»,- նշել է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ ամերիկյան ներդրումների համեստ ծավալը պայմանավորված է Հայաստանի սահմանափակ շուկայով, սակայն հարկ է նշել, որ «Contour Global»-ը Հայաստանում արել է ամենախոշոր ներդրումը, եւ դա ամերիկյան կողմից ներդրումն է։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը «Contour Global Hydro Cascade» եւ «CG Solutions Global Holding Company» ընկերությունների հետ պայմանագիր էր կնքել «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ն 180 մլն դոլարով վաճառելու մասին։