Քարե գործիքները, կենդանիներից պատրաստված ուտելիքների մնացորդները, բույսերի մնացորդները եւ պահպանված օջախները հնագետներին օգնել են պարզել, որ Հարավային Ամերիայի տարածքը մարդկանցով բնակեցված է եղել դեռեւս 15 հազար տարի առաջ։ Պեղումները կատարվել են Չիլիի հարավում՝ Մոնտե Վերդե տեղանքում։ Հնագետների աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում, փոխանցում է Gazeta-ն։

Մոտավորապես 40 տարի առաջ գիտնականները կարծիք էին հայտնել, որ Հարավային Ամերիկան բնակեցվել է 13 հազար տարի առաջ Ասիայից գաղթած քոչվորներով։ Նրանց ի հայտ  գալը կապում էին այսպես կոչված Կլովիս մշակույթի հետ։ Նոր պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի հին ժամանակաշրջանի մարդկանց հետքեր, որոնք քարե գործիքները մշակում էին ոչ այնպես, ինչպես ավելի ուշ հայտնված Կլովիսի քաղաքակրթության մարդիկ։ «Անսպասելի բացահայտումներից մեկն այն էր, որ գտածոների 34 տոկոսը պատրաստված  է եղել տեղական նյութերից»,- պարզաբանել է հայտնագործության հեղինակ Թոմ Դիլեհայը։