ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին եւ «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի եւ «Ֆլեթչեր»-ի դպրոցի միջեւ առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի սահմանած կրթաթոշակների միջոցով «Ֆլեթչեր»-ի դպրոցում արդի բարձր չափանիշներին համապատասխան կրթություն են ստանում: Հիշյալ ծրագրի շրջանակներում կրթություն ստանալուց հետո, ավելի քան 250 շրջանավարտ վերադարձել է Հայաստան՝ ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։
«Թավիթյան» հիմնադրամը միաժամանակ ֆինանսավորում է «Ֆլեթչեր»-ի դպրոցի դեկանների, ականավոր դասախոսների այցերը Հայաստան, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդին եւ առկա աշխարհաքաղաքական իրողություններին։
Հանրապետության նախագահին հյուրընկալված ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը նաեւ ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, ինչպես նաեւ ԱՄՆ ռազմավարական եւ տակտիկական գիտահետազոտական կենտրոնի առաջին հրամանատարի, ռազմածովային ուժերի քարտուղարի օգնականի եւ պաշտպանության նախարարի ռազմական հարցերով գլխավոր օգնականի պաշտոնները: Ծառայության ընթացքում նա պարգեւատրվել է ԱՄՆ ավելի քան 50 եւ միջազգային տարբեր մեդալներով ու պատվոգրերով:
ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանի զարգացումներին:
































