Երեւանի Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի կենտրոնում երկար տարիներ ապրած քաղաքացին պատմեց, որ այդ բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Վալենտինա Հարությունյանի խոսքով, ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է տիկին ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել:
«Կառավարությունից պահանջում եմ տուն կամ էլ գումարային փոխհատուցում, թող պատժեն այդ սրիկային: Այն փթած տունը, որը որ ինձ են տվել, նվիրում եմ իշխանություններին, թող գնան ապրեն: Ինչքան ես եմ նեղություն քաշում, թող իրենք էլ քաշեն: Քռչոտ տուն է տվել 2 սենյականոց, ոչ կոմունալ հարամարություններ կան, ոչ դուռ ունի, ոչ էլ նորմալ լուսամուտ: 1954թ. Երեւանի կենտրոնի մեր բնակարանում ենք ապրել, այդ տանն իմ ամուսնու նախնիներն են ապրել, 2004թ. եկան զոռով քանդեցին, ասացին, որ փոխարենը 2 տարի անց կենտրոնում բնակարան կտան, չտվեցին, խաբեցին, անգամ վարձավճարները չտվեցին, որ խոստացել էին: Հենց ընտրություններ է լինում, գալիս ասում են մեզ ընտրեք ձեր բոլոր խնդիրները կլուծենք, ընտրվելուց հետո ամեն ինչ մոռանում են: Տենց խաբելով առաջ են գնում: Կառավարությունն էլ ասում ա, ով որ քանդել է տունդ՝ իրենից պահանջի»,-ասաց տիկին Վալենտինան:





























