Talitha Kum կրոնական-բարեգործական կազմակերպության հազարից ավելի ակտիվիստուհիներ, աշխատելով հասարակաց տներում, երեխաներին փրկում են ստրկությունից: Կանանց իրավունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ջոն Ստուձինսկին:

Ըստ The Huffington Post-ի, հայտնի բանկիր եւ բարերար Ստուձինսկին նշել է, որ կազմակերպությունում ներկայում 1.100 կին-ակտիվիստներ կան, որոնք աշխատում են 80 երկրներում: Առաջիկայում նրանք ծրագրում են ընդլայնել իրենց գործունեության շրջանակը՝ մասնաճյուղեր բացելով եւս 60 պետություններում:

Կազմակերպության աշխատանքի մեթոդներից մեկի համաձայն, ակտիվիստուհիները սկսում են աշխատել հասարակաց տներում՝ այնտեղից փրկագնով դուրս բերելով անչափահաս աղջիկներին, որոնք հաճախ որպես ստրուկ աշխատում են սեփական ծնողների համար: Փրկագնված երեխաների համար նախատեսում են հատուկ հաստատություններ կառուցել: