Սարքի բաղադրիչների լուսանկարները, որի օգնությամբ Եգիպտոսի Սինայի թերակղզում պայթեցրել են ռուսական A321 օդանավը, վկայում է այն մասին, որ ռումբը պատրաստվել է Եգիպտոսի տարածքում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ռուսական հատուկ ծառայություններից մեկի աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ տարածված լուսանկարում երեւացող տարան պատկանում է բացառապես Եգիպտոսի տարածքում վաճառվող ապրանքանիշին:

«Սա կարող է վկայել ինչպես ռումբն այդ երկրում պատրաստելու վարկածի օգտին, այնպես էլ այն մասին, որ ահաբեկիչները գուցե փորձում են դրա օգնությամբ հետաքննությանը կեղծ հետքի վրա դնել»,-ասել է աղբյուրը:

Նա նկատել է, որ «ալյումինե տարայի օգտագործման վարկածը լրիվ հավանական է, քանի որ այն թույլ է տալիս լոկալ գործողության ռումբ պատրաստել մինչեւ մեկ կգ տրոտիլ հզորությամբ»: