Կոտայքի մարզի Գառնի համայնքում այս ամռանը հնչած կրակոցների գործով առերեսում է եղել համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի եւ «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդիների միջեւ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիի գյուղապետը նշեց, որ առերեսումն այս գիշեր է տեղի ունեցել, մանրամասներին ինքը չի տիրապետում:

«Երբ ամռանը որդուս մեքենայի ուղղությամբ կրակեցին, մենք հաղորդում տվեցինք ոստիկանություն: Երեկ երեկոյան իմացանք արդեն, որ կալանավորել են Ռուբեն Հակոբյանին, գիշերն էլ առերեսում եղավ»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ Ռուբեն Հակոբյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 9-ին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրենց գյուղում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել է որդու ավտոմեքենան:

Պարզվել է, որ հիշյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Վարդանյանի որդու՝ Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների եւ Ռուբիկ Հակոբյանի միջև: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Ռուբեն Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները: