ԱՄՆ Յուտայի նահանգի Սալեմ քաղաքի դպրոցում երեխաներին հանձնարարել են պատրաստել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» անունից տարածվող թռուցիկներ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով KUTV-ն։

Հաղորդվում է, որ ուսուցչուհին այդ մեթոդով ցանկացել է օգնել աշակերտներին ավելի լավ պատկերացնել, թե ինչպես կարող են ահաբեկիչները հավաքագրել մարդկանց։ Դպրոցի ներկայացուցիչ Դանա Հիսքին ասել է, որ նման հանձնարարություն ստացած 60 աշակերտներից 4-ի ծնողները կապվել են իրենց հետ եւ մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ։

Դպրոցի ներկայացուցչի խոսքով՝ ուսուցչուհին առաջին տարին է դասավանդում, եւ նրա հանձնարարությունը հաստատված չի եղել դպրոցական ծրագրով։ Ուսուցչուհին ցանկացել է ցույց տալ երեխաներին, որ քարոզչությունը մեծ վտանգ է ներկայացնում։

Աշակերտներին հանձնարարված է եղել նշել 8 պատճառ, թե ինչու են երիտասարդ մուսուլմանները համալրում ԻՊ շարքեր։ Հակառակ երեսին երեխաները պետք է թռուցիկ պատրաստեին, որը հավաստի եւ պրոֆեսիոնալ տեսք կունենար։