Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է բնապահպանների այն ահազանգին, որ այս սեզոնին, որբ չկա ոռոգման հարց, Սեւանա լճի մակարադակը իջել է։ Նախարարը որպես պատճառ՝ նշել է նաեւ քամու հանգամանքը։
«Կան բնապահպաններ, որոնք սիրողական մակարդակ են ցուցաբերում եւ աչքի տեսանելիության չափն են ներկայացնում։ Իրականում տարբեր ժամանակահատվածում քամու հետ կապված մենք ունենում ենք ջրի կորուստներ։ Այսօր դա չի բացառվում»,-նշել է Արամայիս Գրիգորյանը։
«Գնալով եղանակը սառչում է, եւ մինուս կգրանցվի ու կսառցակալի ամբողջությամբ Սեւանա լիճը։ Բայց էսօրվա վիճակով ունենք 11 սմ բարձրություն՝ նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ, որը դրական եմ համարում։ էսօր մենք արդեն 3 մետրից բարձր լցվածություն ունենք, մեր պլաններից առաջ ենք ընկել»,-հայտարարել է նախարարը։
Նա ջրի մակարդակի նվազման պատճառ է նշել նաեւ Արփա-Սեւան ջրատարի վերանորոգման փուլում գտնվելու հանգամանքը։
«Այսօրվա վիճակով Արփա-Սեւանը կանգնած է վերանորգման աշխատանքների հետ կապված եւ ջուր չի լցվում Սեւանա լիճ։ Առաջիկայում վերանորոգումը կավարտվի։ Այն ձմռան ու գարնան ամիսներին է լինում, փակվում է ու ջուր չի գնում Սեւան։ Բայց ես համոզված եմ, որ մենք լճի բարձրացման ծրագիրը կիրականացնենք մեր պլաններից դուրս»,-վստահեցրել է Գրիգորյանը։
Պնդմանը, թե ի վերջո այս շրջանում լճի մակարդակի նվազման պատճառը կոնկրետ ի՞նչն է, առավել եւս որ բնապահպանները առեղծվածային են համարում ջրի կորուստը անձրեւի սեզոնին, ասել է․
«Եթե խոսում ենք որոշակի առումով՝ ինչու է ջուրը գոլորշիանում, դա կապված է քամու հետ, դա ֆիզիկա է։ Սա վերջիվերջո ֆիզիկա է, որը պետք է լուրջ ուսումնասիրել նոր ներկայացնել»,-բնապահպաններին խորհուրդ է տվել նախարարը։





























