«Հատիսի լանջին» ռեստորանում օգոստոսի մեկին տեղի ունեցած զանգվածային թունավորման գործն արդեն ուղարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռեստորանի տնօրեն Ալիկ Հայրապետյանը, հանդիսանալով նաև սննդի շղթայի օպերատորի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձ, չի պահպանել անվտանգության պահանջները, ինչի հետեւանքով հարսանեկան արարողության ժամանակ ընկերության խոհանոցում պատրաստվել և մատուցվել է Ոսկենագույն ստաֆիլակոկ / S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանէն պարունակող սննդամթերք։ Հարսանյաց հանդեսի մասնակիցներից թվով 13 անձինք օգտագործելով ստացել են առողջության թեթև վնաս` ինֆեկցիոն բնույթի սննդային թունավորման ձևով:
Ալիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։





























