Ռուսաստանցիների մեծ մասը պլանավորում է կրճատել ամանորյա ծախսերը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով IRG շուկայական հետազոտությունների գործակալության հարցման արդյունքները։ Պարզվում է, որ ռուսաստանաբնակների 63 տոկոսը մտադիր է կրճատել ամանորյա բյուջեն։
Մասնավորապես հարցվածների 40 տոկոսը կրճատելու է նվերների ծախսերը (2014թ. հարցվածների 30 տոկոսն էր պատրաստվում), իսկ 35 տոկոսը կկրճատի նաեւ ամանորյա սեղանի ծախսերը (2014թ. այդ ցուցանիշը 30 տոկոս էր)։ Բացի այդ, հարցման մասնակիցների 20 տոկոսը պատրաստվում է հրաժարվել նրբահամ ճաշատեսակներից (2014թ. 13 տոկոսը)։
Միջին վիճակագրական ընտանիքը Նոր տարվա համար նախատեսում է ծախսել 16.9 հազար ռուբլի, որից 6.56 հազարը՝ նվերների վրա։ Մոտ 5.3 հազար ռուբլին նրանք մտադիր են ծախսել զվարճանքների, մանկական հանդեսների, ռեստորանների, կինոթատրոնների եւ հանգստի վրա։ Ամանորյա սեղանի ծախսերը միջինում կազմում են 5.07 հազար ռուբլի։
Պարբերականը նաեւ մեջբերում է Deloitte ընկերության հետազոտությունները, որոնց համաձայն՝ ռուսաստանցիների 21 տոկոսը պատրաստվում է նվերներ գնել էժան խանութներից։ 2014թ. այդ ցուցանիշը 8 տոկոս էր։




























