Ադրբեջանում խանդոտ ամուսինը սպանել է ոստիկանին։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի առավոտյան՝ Բաքվի Խազարի շրջանում։ Հանցագործությունը կատարել է Գալա գյուղի բնակիչ Իսքենդեր Բաբիրովը։ Տանտերը որսորդական զենքից կրակել է ՆԳՆ երկաթուղային տրանսպորտի վարչության աշխատակից սերժանտ Մալիք Մուրադովի վրա, իսկ հետո դանակով հարձակվել Նիջաթ Շաբիեւի վրա։
Կատարվածից հետո Բաբիրովը դիմել է փախուստի, բայց շուտով ձերբակալվել է իրավապահների կողմից։
Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածն ասել է, որ իրականում ուզում էր սպանել իր կնոջն եւ ոստիկանին։ Բաբիրովի խոսքով՝ ինքը կասկածում էր, որ նրանք սիրավեպ են ունեցել։
Տուժած Շաբիեւի խոսքով՝ Բաբիրովը, կրակելով սերժանտ Մուրադովի վրա, նորից լիցքավորել է հրացանը։ Շաբիեւը հասկացել է, որ եթե չխանգարի Բաբիրովին, իրեն նույն ճակատագիրն է սպասում։ Նա վերցրել է բահը եւ մեջքից հարվածել Բաբիրովին։ Վերջին ընկել է, սակայն հասցրել է դանակահարել Շաբիեւին։





























