Քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով արգելված է, իսկ այն խախտելու դեպքում՝ տույժեր կկիրառվեն տվյալ հաստատության ղեկավարները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով եւ հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով արգելված է: Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ վերահսկողություն՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փորձի կանխարգելման նպատակով, իսկ արձանագրված փաստերի դեպքում՝ պատասխանատվությունը, ինչպես շեշտել է Ա. Աշոտյանը, ընկնում է ուսումնական հաստատության ղեկավարության վրա եւ այս դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժեր:

Նախարարը միաժամանակ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների եւ այլ շինությունների ցանկը՝ Երեւանի եւ մարզերի համար եւ քարոզչական գործունեություն թույլատրելի է իրականացնել բացառապես այդ ցանկի շրջանակում: