Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին բարկացրեց փաստը, որ ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ժամանակին չներկայացավ:

«Հարգանքի պրոցես է, ո՞նց կարելի է զեկուցող լինել ու ուշանալ, իսկ պատգամավորները նստեն ու սպասեն: Չի կարելի չէ՞»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանում ասաց Գալուստ Սահակյանը՝ ձայնը բարձրացնելով:

Նշենք, որ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դահլիճ մտավ մոտ 5 րոպե անց՝ նշելով, որ ինքը չի ուշացել եւ 30 րոպե է՝ խորհրդարանում է: