Բանակում զինծառայողների բուժզննման հարցում եւս սխալվելը չի բացառվում, բայց այդ դեպքում՝ զինծառայողը կրկնակի բուժզննում է անցնում, եթե անհրաժեշտ է բուժումը՝ բուժվում է, եթե պիտանի չէ ծառայության, զորացրվում է բանակից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

Դիտարկմանը, թե ինչ է լինում, երբ այդ սխալը մարդու կյանք է արժենում, նա արձագանքեց. «Փառք Աստծո, նման դեպքեր չունենք, եւ հուսամ, չենք էլ ունենա: Բուժզննման տեսակետից ամենից վերահսկելին գոնե բանակում, որտեղ կա հրամանատար, բուժկետ, հենց դա է: Զինծառայողը ամեն օր բուժզննում է անցնում: Հասարակության որեւէ այլ տեղ այդպիսի բուժապահովում չկա, ինչպես բանակում: Բայց ինչպես հասարակությունում, այնպես էլ բանակում մարդիկ կարող են հիվանդանալ: Բայց եկեք համեմատենք 10 տարի առաջվա հետ: Այսօր մենք հիվանդության պատճառով կորուստներ չունենք: Եթե մարդը հիվանդանում է, մենք բուժում ենք, նոր զորացրում բանակից»: