Սահմանադրական փոփոխությունները սպառնում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, քաղաքական կայունությանը եւ ժողովրդավարությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ոչ» քարոզող Նարեկ Այվազյանը։
«Մեր կողմից որոշ առաջարկներ արվել են եւ ընդունվել են, սակայն ֆունդամենտալ հարցեր կան, որոնց պատճառով մենք դեմ ենք փոփոխությունների նախագծին եւ հորդորում ենք քվեարկել «Ոչ»»,-ասել է նա։
Նարեկ Այվազյանը մանրամասնեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության հարցը վտանգվում է Սահմանադրության նոր նախագծի 205 հոդվածով։
«Այս հոդվածը Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին է, որը թույլատրվում է հանրաքվեի միջոցով։ Ըստ մեզ սրանով տարածքային ամբողջականության հարցը մտցվում է Սահմանադրության մեջ, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ ՀՀ Սահմանադրությանը»,-Օձունցիներին տեղեկացրել է «Ոչ» քարոզողը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Սահմանադրությանը «Ոչ» ասելու 2-րդ պատճառը Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ պատգամավորներին ընձեռված իրավունքն է։
«202-րդ հոդվածում ասվում է, որ պատգամավորները իրավունք ունեն փոփոխել Սահմանադրությունը։ Դա ըստ մեզ խաթարում է ժողովրդավարությունը»,-մանրամասնել է Նարեկ Այվազյանը։
Սահմանադրական փոփոխությունների անընդունելի 3-րդ հոդվածը, ըստ Այվազյանի, 89-րդ հոդվածն է, որով նախատեսվում է անցկացնել ընտրությունների 2-րդ փուլ։
«Այս դեպքում Ազգային ժողովը, հնարավոր է, վերածվի ոչ ներկայացուցչական մարմնի։ Ընտրությունների 1-ին փուլի արդյունքում ձայների փոքրամասնություն հավաքած կուսակցությունը կարող է 2-րդ փուլի արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն կազմել։ Իսկ դա արդեն քաղաքական անկայունություն է առաջացնում»,-մանրամասնել է նա։
«Ոչ» քարոզող Նարեկ Այվազյանը նաեւ ընդգծել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի ձեւավորման գործընթացին հասարակությունը մասնակցություն չի ունեցել, ինչը, նրա խոսքով, անընդունելի է ։
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի։





























