Գյուղնախարարությունը զեկույցներում Հայաստանում խաղողի բերքի հսկայական թիվ է նկարում, իսկ մթերող ընկերությունները` գնման հսկայական ծավալներ:  Այդ մասին նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանում ասել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը` Հայաստանի պետական վիճակագրական ծառայության  2016 – 18 թթ-երի աշխատանքային պլանի քննարկմանը: 

Բագրատյանի խոսքով, դա նրանց օգնում է ցույց տալ, թե խաղող են մթերում  (եւ ցույց տալ, որ կոնյակում իրոք խաղողի սպիրտ է . խմբ.): Խոսքը մի քանի ձեռնարկության մասին է եւ ոչ մի դեպքում` բոլորի, պարզաբանել է նա: «Իրականում 120 հազար տոննա բերք են հավաքում, իսկ իշխանությունը 300 հազարի թիվ է նկարում. հարցում է անում գյուղապետարաններին եւ իբր նման թիվ է ստանում:  Բայց ամեն ինչ հնարավոր է ավելի պարզ եղանակով անել. տիեզերական լուսանկարն ընդամենը  50 հազար եվրո արժե: Տիեզերքից մի լուսանկար, եւ այնտեղ ամեն ինչ երեւում է, մինչեւ բադրջանի ամենավերջին թուփը: Ինչո՞ւ չեք անում դա», - ասել է Հրանտ Բագրատյանը: