Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իր մտահոգությունն է հայտնել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 օդանավը խոցելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ տեղի է ունեցել լուրջ միջադեպ, որը կարող է բարդացնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում միջազգային ջանքերի գործադրումը եւ սրել այդ հակամարտությունը։

«Դա կարող է նշանակել, որ մենք ոչ միայն կարող ենք անհաջողություն գրանցել, այլ նաեւ հույսի պատը, որը մենք կառուցում էինք, փլուզվելու է»,- ասել է Շթայնմայերը DPA գործակալությանը։

Արտգործնախարարը դիմել է Ռուսաստանին եւ Թուրքիային՝ կոչ անելով գիտակցել իրենց պատասխանատվությունը եւ անմիջական երկխոսություն վարել։ «Ես հույս ունեմ, որ Մոսկվան եւ Անկարան ողջախոհ կգտնվեն։ Հիմա շատ բան կախված է երկու կողմերի հետագա արձագանքից»,- ասել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ՌՕՈւ կողմից խոցվել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Ռուսական կողմը պնդում է, որ կործանիչը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում։ Թուրքիան իր հերթին հայտարարում է, որ կործանիչը խոցվել է թուրք-սիրական սահմանը հատելուց հետո։