Երեւանը նոր աղբավայր կունենա: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, քաղաքապետարանի ավագանու նիստում միաձայն կողմ են քվեարկել «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշմանը: Նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Նուբարաշենի գործող աղբավայրի հարեւանությամբ: Աղբավայրի առաջին գոտին շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է գործող աղբավայրի փակման եւ վերականգնողական աշխատանքների իրականացում:
Երեւանի ավագանու նիստում նաեւ միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Քյանդարյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Դարբինյանի եւ ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:





























