Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բողոքն ընդդեմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը նշեց, որ դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի կարող անել, թե ինչ հիմնավորմամբ է բողոքը մերժվել, քանի որ դեռ որոշմանը ծանոթ չէ:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ղեկավար Արթուր Սաքունց) հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) հնչեցրած, բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր. «Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ պաշտպանության պախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»:

Նշենք, որ Առաքել Մովսիսյանը, մասնավորապես, նշել էր. «Աստված մի արասցե, որ բռնեցինք, հաստատ իրենք բռնաբարվելու են»:

Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թ. հոկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը եւ բավարարել ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2015 թ. հունիսի 23-ի որոշումը: