Ռուսաստանի սպառողական վերահսկողության տեսչությունը պահանջներ ունի Թուրքիայից ներմուծվող թեթեւ արդյունաբերական ապրանքների, այդ թվում` մանկական հագուստի, կահույքի, մաքրող միջոցների նկատմամբ, տեսչությունից տեղեկացրել են  «ՌԻԱ Նովոստիին»:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորից» տեղեկացրել էին, որ ամբողջ 2015 թվի ընթացքում ստուգում են ռիսկի բարձր խմբում գտնվող թուրքական արտադրանքը:  

«Տարվա ընթացքում նորմատիվ պահանջներին անհամապատասխանություն է հայտնաբերվել ապրանքների այնպիսի կարգերում, ինչպիսիք են թեթեւ արդյունաբերական ապրանքները, այդ թվում` մանկական հագուստը, կահույքը, լվացող եւ մաքրող միջոցները: Ամեն դեպքում միջոցներ են ձեռք առնվում Ռուսական Դաշնության օրենսդրությանը համապատասխան, արտադրանքը նշվում է որպես ռիսկի բարձր խմբի պատկանող», — տեղեկացրել են «Ռոսպոտրեբնադզորից»: 

«Ռոսպոտրեբնադզորը» նաեւ խստացրել է Թուրքական արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը պայմանավորված է Թուրքական Հանրապետությունում արտադրվող, բարձր ռիսկի խմբի մեջ ներառված մի շարք ապրանքների` որակի եւ անվտանգության պահանջներին անհամապատասխանությամբ:  Դրանք են`  մսամթերքը, կենսաբանական ջրային աղբյուրների արտադրանքը, հրուշակեղենը, ինչպես նաեւ մրգերը, բանջարեղենը, ընկույզը եւ դրանց վերամշակման արդյունքը:  Ավելի վաղ տեսչությունից տեղեկացրել էին, որ հետազոտությունների արդյունքում  տարվա սկզբից ի վեր  այդ արտադրանքի մոտ 800 կգ հանվել է շրջանառությունից: