Թուրքերն իսկական հանցագործություն են կատարել. այդ ինքնաթիռը ոչ մի վտանգ չէր ներկայացնում նրանց տարածքային ամբողջականությանը:  Այդ մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է իշխող`  «Միացյալ Ռուսաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը:  

Նրա խոսքով, պարզվել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:   «Վերցրեցին ու խփեցին ինքնաթիռը: Իհարկե, հուզական առումով Ռուսաստանում առկա մոտեցումն այն է, որ համարժեք պատասխան տրվի:  Սակայն պետական մակարդակում, կարծում եմ, անհրաժեշտ է սթափ, կշռադատված մոտենալ դրան: Ես, օրինակ, դեմ եմ հարաբերությունները խզելուն», - նշել է Ռեզնիկը: Պատգամավորի տեսանկյունից թուրքերը պիտի առնվազն ներողություն խնդրեն Ռուսաստանից:  «Բայց որ խզենք տնտեսական հարաբերությունները, ինչ-որ կերպ վրեժ լուծենք թուրքերից, կարծում եմ` չարժե: Այդ միջադեպին մեր վերաբերմունքը ժողովրդական վրդովմունքն է: Սակայն հարաբերությունները խզելը,  կարծում եմ, պետական տեսանկյունից հեռատես չի լինի», - ընդգծել է Բորիս Ռեզնիկը:

Ի պատասխան այն հարցին, թե ռուս-թուրքական նախագծերն ապագա ունեն, պատգամավորը նշել է.  «Այո, իհարկե: Կարծում եմ` չարժե մի ամբողջ երկիր բացառել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերը խոցել էին ռուսական Սու-24 ռմբակոծիչ: