Գործող  սահմանադրությամբ իշխանություններին ավելի հեշտ է  վերարտադրվել, քան սահմանադրական փոփոխությունների նոր նախագծով:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ասել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում այցելել է Նոյեմբերյան:

«Ընդհակառակը՝ նոր նախագծով ավելի է դժվարանում, ժողովուրդ ջան ոչինչ երբեք չի կարելի բացառել: Մեր պայքարը չպետք է անձերի համար լինի: Իրականում մենք մի քիչ աշխարհաքաղաքական բարդ տարածքում ենք ապրում, և մեր խնդիրների կեսը օբյեկտիվ է»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ նոր նախագծով իշխանությունն առանց ընդդիմության շատ հարցեր չի կարող լուծել,որը դրական երեւույթ է:

 «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն էլ հավաքվածներին կոչ արեց կարդալ եւ ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների նախագծին:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը։