«Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի  սպանության մեջ կասկածվող Մկրտիչ Պողոսյանը քիչ առաջ կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախաքննությամբ պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը քննիչը միջնորդություն  է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝  նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 24-ին Երեւանի Վարդանանց փողոցի 14 հասցեում հնչած կրակոցների հետեւանքով մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհանես Աթանյանը: