ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, հանրապետության մսամթերք արտադրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին  Հայաստանի մսամթերք արտադրողների   միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք  առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

«Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել եւ գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, եւ այսօրվա մեր հանդիպումը նպատակ ունի  համատեղ քննարկել առկա խնդիրները` դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով», - նշել է իր բացման խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում էականորեն դյուրինացել են հայրենական արտադրանքի արտահանման գործընթացները, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռեւս բավարար չեն եւ այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել:

Սերգո Կարապետյանը նաեւ հավելել է, որ ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, մեր արտադրողներն արդեն կարող են ռուսական շուկա արտահանել նաեւ բաստուրմա եւ սուջուխ, ինչը եւս մեկ խթան է մսամթերքի արտահանման ծավալների ավելացման համար:

Իրենց հերթին մի շարք արտադրողներ նշել են, որ արտահանման ծավալներն այս պահին ավելանում են, հայկական մսամթերքը որակյալ է, մրցունակ  եւ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է   տեղական շուկայում մսի իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքում` հեռագնա լեռնային արոտավայրերի ջրարբիացման շնորհիվ հանրապետությունում զգալիորեն ավելացել է անասնագլխաքանակը եւ հորդորել է մսամթերք արտադրողներին  հատկապես նախատոնական առեւտրի շրջանում, երբ գյուղատնտեսական կենդանիների մորթն ավելանում է,  աջակցել գյուղացիական տնտեսություններին մսի իրացման հարցում:

Նախարար Կարապետյանն  առաջարկել է ընկերություններին առավել ակտիվորեն համագործակցել սպանդանոցների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանն ապահովել առավել անվտանգ, որակյալ մսամթերքով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ոլորտի զարգացման առնչվող մի շարք այլ հարցեր եւս: