Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար կառավարության, ընդդիմության զորամիավորումներին եւ քրդերին ներառող ցամաքային ուժեր ստեղծելու Փարիզի առաջարկը  տեղավորվում է ռուսաստանյան առկա նախաձեռնության համատեքստում: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

«Այն, ինչի մասին ասել է Լորան Ֆաբիուսը, համահունչ է մեր նախաձեռնությանը,  որը հաստատել է նախագահ Պուտինը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:  Անհրաժեշտ է հստակեցնել միայն այն հատվածը, որը վերաբերում է  «Սիրիական ազատ բանակին»,— ասել է Լավրովը իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների ավարտին, տեղեկացնում է Gazeta-ն:

Լավրովի խոսքով, քրդերը եւ սիրիական զինված ընդդիմությունը ի սկզբանե ներառված էին Մոսկվայի նախաձեռնությունում, որի նպատակը ԻՊ-ի դեմ պայքարի ճակատի ստեղծումն էր: 

Մոսկվան հանդես է գալիս գրոհայինների դեմ պայքարին հայրենասեր ընդդիմադիրների մասնակցության օգտին, նշել է Լավրովը: