Անկարայում նյարդայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը սկսել են ռմբակոծել բենզատարները, որոնք հում նավթը տեղափոխում են   «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինների կողմից վերահսկվող գործարաններ, ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր սիրացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:  

«Իհարկե,  հազիվ թե պարզ համընկնում լինի այն, որ այդ հարվածներից հետո մեր թուրք հարեւանները սկսել են իրենց շատ ու շատ նյարդային պահել, մեղմ ասած», — ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Լավրովը նշել է, որ «իրենց ընդհատակյա գործերը խնամքով թաքցնելու» Թուրքիայի իշխանությունների փորձերի վկայությունն է  «թեկուզ այն, որ նրանք  թուրք երկու լրագրողի էին ձերբակալել թուրքական տարածքից ԻՊ-ի գրոհայիններին զենքի անօրինական մատակարարման մասին ռեպորտաժ անելու համար»:

Ռուսաստանցի արտգործնախարարը նաեւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան 2014-ի սեպտեմբերին Սիրիայում գործողություն է սկսել եւ հազիվ թե նկատած չլինի իսլամիստների նավթային ինդուստրիայի մասշտաբները,   «բայց չգիտես ինչու, ձեռք չի տվել» նրանց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: