Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման միտումները եւ համագործակցության լայն աշխարհագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում ստեղծել անկախ եւ ժամանակակից ռազմաարդյունաբերական համալիր։ Վերջին երկու տարում Ադրբեջանը պայմանագրեր է կնքել Իսրայելի, Թուրքիայի հետ ռազմական եւ հետախուզական բարձր տեխնոլոգիական զինատեսակների համատեղ արտադրության վերաբերյալ, ինչը հաստատում է այն կարծիքը, որ Ադրբեջանը կատարելագործման է ենթարկում զինված ուժերի ռազմական տեխնիկան։ Մոտ մեկ ամիս առաջ մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Բաքուն հնարավոր է Ռուսաստանից գնի С-300 ПМУ-2 երկու զենիթահրթիռային համալիր։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ռուսական արտադության զինատեսակների վարկանիշն ընկել է, այնուամենայնիվ այս համակարգերն աշխարհում համարվում են հակաօդային պաշտպանության լավագույն միջոցներից մեկը։ Հետեւակի զինվորներին տեղաշարժման տեխնիկայի առումով Բաքուն նախապատվությունը տալիս է Հարավային Աֆրիկայի արտադրանքին։ Հայտնի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-25-ին հարավ-աֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում անցկացվող աերոտիեզերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների AAD-2010 ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր է ստորագրվելու Ադրբեջանի եւ մի քանի արտասահմանյան ընկերությունների միջեւ։ Ադրբեջանն արդեն պայմանագիր ունի հարավ-աֆրիկյան Paramount Group Inc. ընկերության հետ, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական զենքերի եւ փոխադրամիջոցների արտադրությամբ։ Նախատեսվում է, որ Ադրբեջանը Paramount Group-ի հետ կստորագրի ավիացիոն սեկտորի վերաբերյալ պայմանագիր, եւ ավելի կխորացնի այս ընկերության հետ ռազմական մեքենաներ արտադրելու ծրագիրը։

Հիշեցնենք, որ Paramount Group-ը եւ ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրը ավելի քան մեկամյա պաշտոնական գործընկերներ են: Դեռ այս տարվա սկզբին ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի գործարաններից մեկում Paramount Group ընկերության հետ համատեղ արտադրվել էին Matador և Marauder զրահամեքենաների առաջին նմուշները: Այս մեքենաները ստեղծված են նույն հիմքերով, իսկ ականակայունության բարձր հատկանիշները պայմանավորված են Իրանի V- աձեւ տեսքով, ու յուրահատուկ զրահով, որը պատրաստված է մետաղի կոմպոզիտների տեխնոլոգիայով։

Պետք է նշել, որ տարածաշրջանի ամենահզոր ու խոշոր ռազմաարդյունաբերական համալիրն ունեցող Ռուսաստանը նանոտեխնոլոգիաներով պատրաստված կոմպոզիտային զրահի պատրաստման տեխնոլոգիաներից բավականի հետ է մնացել Արեւոմուտքից։ Որպես օրինակ նշենք, որ 2008 թ. վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ ռուսական զինուժին ավար հասած վրացական բանակի «Hammer» ռազմական մեքենաների զրահը ռուսական մասնագետների վրա տպավորիչ ազդեցություն էին թողել։

Ռուսաստանը զրահամամեքենաների պատրաստման գործում ճանաչել է իր «պարտությունը», եւ այսօր Իտալիայից ցանկանում է 1700 ժամանակակից զրահամեքենա գնել։ Հարավ-աֆրիկյան Paramount Group-ի արտադրած Matador եւ Marauder մեքենաները պատրաստվում են հենց նշված, թեթեւ եւ ամելի ամուր զրահով։ Մեքենաները ստեղծված են նմանատիպ հիմքով, ինչը գրեթե լուծում է պահեստամասերի հայթհայթման հարցը։ Matador եւ Marauder-ը մեքենաները կիրառվում են հատուկ դիվերսիոն ռազմագործողությունների եւ կարճաժամկետ մարտական համազորային գործողությունների ժամանակ։ Մինչեւ այս տարվա վերջ նախատեսվում է Ադրբեջանում արտադրել մինչեւ 50 նման մեքենա: Ավիացիոն սեկտորին վերաբերվող պայմանագիրը հավանաբար վերաբերվում է ադրբեջանական որեւէ թռչող սարքի կատարելագործմանը։ Նշենք, որ հարավ-աֆրիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները ունեն արդիական եւ հզոր սպառազինությունների արտադրության լավ ավանդույթներ: Դրանք հմտացած են տարատեսակ հրթիռային, հրանոթային եւ այլ սարքավորումների արտադրության մեջ: ՀԱՀ-ը, չլինելով խոշոր ռեսուրսների տեր գերտերություն, կարողացել է ստեղծել բավականին հզոր հարվածային ուղղաթիռ: Տեղեկացնենք, որ Ադրբեջանը եւ ՀԱՀ-ը օդային ռազմական տեխնիկայի կատարելագործման փորձ արդեն ունեն։ Ադրբեջանը Advanced Technologies and Engineering (ATE) ընկերության, ինչպես նաեւ հարավ-աֆրիկյան այլ ընկերությունների եւ ուկրաինական ընկերությունների հետ միասին կատարելագործել են Մի-24 մի քանի ուղղաթիռներ Super Hind ծրագրով: Վերջինս ենթադրում է ղեկավարման, նշանառման եւ էլեկտրոնային այլ սարքավորումների փոխարինում հարավ-աֆրիկյան ժամանակակից սարքավորումներով եւ ուկրաինական սպառազինությամբ: Արդյունքում՝ ուղղաթիռի մարտավարատեխնիկական տվյալները զգալիորեն աճել են, իսկ քաշը երկու տոննայով պակասել է: Բացի մարտական զրահամեքենարից, Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել թուրքական Turna հարվածային հնարավորությամբ թռչող անօդաչու սարքեր: Արդեն ձեռք է բերել իսրայելական լավագույն հրետանահրթիռային համակարգերից մեկը՝ «Linx»-ը, որն օժտված է մի քանի տեսակի հրթիռների` հատկապես մեծ հզորությամբ եւ հեռահարությամբ օժտված «EXTRA» հրթիռի, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի արձակման հնարավորությամբ: Որը ունի երեք տարբերակի հրթիռներ։ Սրանց հեռահարությունը 20 կմ-ից կարող է հասնել մինչեւ 300 կմ։  

Ռազմաարդյունաբերական անկախ համալիր ստեղծելու Ադրբեջանի գործողությունները հնարավոր է զայրացնեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ նրա մեծ եղբայր Թուրքիային։ Բանն այն է, որ Թուրքիան եւս լավ հատկանիշներով զրահամեքենաներ է արտադրում, որոնք եւս օգտագործում էր վրացական բանակը 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Սակայն ադրբեջանը այնուամենայնիվ ընտրություն է կատարել ոչ թե Թուրքիայի օգտին, այլ ՀԱՀ-ի։  Ռազմական տեխնիկայի սպառման շուկայում նորեկներին «չեն սիրում» քանի որ այն գերտերությունների մենաշնորհն է, իսկ Ադրբեջանը փորձում է նաեւ խցկվել արտաքին շուկա։ Նա արդեն հայտարարել է, որ զենք է արտահանելու, սակայն, թե՝ ո՞ւր, հստակ չի նշել։ 

Ադրբեջանի այս քայլերից կարելի է կատարել երեք կարեւոր եզրակացություն: Ադրբեջանը հստակ քայլեր է ձեռնարկում ժամանակակից տեխնոլոգիաների եւ սպառազինության ձեռքբերման ճանապարհների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Նրանք փաստորեն թուլացնում են ռուսական ռազմաարդյունաբերական համալիրից իրենց կախվածությունը, որի դիրքերն այսօր բավականին թուլացել են շուկայում։ Անկախանալ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրից նշանակում է, լրջորեն թուլացնել ռուսական ազդեցությունը, իսկ եթե հաշվի ենք առնում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի չդադարող ռազմատենչ հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է քայլեր անել, հետագայում բոլոր գերտերությունների կարծիքը հաշվի չառնելու համար։ Քանի որ աշխարհի բոլոր պետություններից, միայն Ադրբեջանն է, որ ԼՂ կարգավորման ռազմական ճանապարհը չի բացառում։

 

Արծրուն Հովհաննիսյան