Բոլոր երկրապահները, պատանի երկրապահների ծնողները դեկտեմբերի 6-ին կողմ են քվեարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Մեր պետությունը լուրջ քննության առջեւ է: Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Երկրապահը հայոց պետականության հիմնասյուներից է եւ չի կարող կարող անտարբեր մնալ վճռորոշ այս պահին: Մենք անվերապահորեն վստահում ենք Սերժ Սարգսյանին»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանի խոսքով՝ իրենք պահպանելու են ԵԿՄ համագումարների բանաձեւերը, որոնցով խոստացել են սատարել Սերժ Սարգսյանի բոլոր հայրենասիրական ձեռնարկներին. «Այսօր պետք է հստակ հայտարարենք, որ բոլոր սերունդների երկրապահները, պատանի երկրապահների ծնողները միանշանակորեն «Այո» են ասում Սերժ Սարգսյանի նախաձեռնած ժողովրդավարացման գործընթացին»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:





























