«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն է խնդրում 2013-ի համար եւ նորից ակնկալում ժողովրդի աջակցությունը:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ժողովրդին տուն ուղարկեց, Րաֆֆի հովհաննիսյանն արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը որեւէ մեկին տուն է ուղարկել, այլ կանխել է բռնությունը: Գոնե ես ամեն ինչ արել եմ, որ ոչ մի հայ մարդ, երիտասարդ, քաղաքացի, ոստիկան իր արյունը չթափի ուրիշի հողում: կա մարդու տեսակ, որ ուզում է ուրիշի արյամբ հարց լուծել, իսկ ես դեմ եմ դրան: Դրա համար տուն ուղարկելու խնդիր չկա:
Դուք հղում եք անում նախագահական ընտրություններին: Դրան նախորդած օրերին ոչ մեկը չէր հավատում, ժողովուրդը ճակատագրապաշտ էր, ասում էր ո՞նց կարող է լինել, բայց 30 օրվա ընթացքում գրեթե առանց փողի դուք տեսաք, թե այս հրապարակը 5 հոգուց դարձավ չգիտեմ քանի հազար: Իսկ այդ դառնալը վերջին 2-3 օրն է, երբ կարելի էր ասել՝ ուշ էր եւ կազմակերպական խնդիրներն ամբողջովին չէինք լուծել»:
«Ժառանգության» առաջնորդը նշել է, որ այսօր էլ ակնկալում է ժողովրդի աջակցությունը «Նոր հայաստան» կառուցելու գործում: «Մենք ակնկալում ենք, որ այս օրերի ընթացքում ժողովուրդը դուրս կգա այդ ճակատագրապաշտությունից, հիասթափությունից: Եթե ես սխալ եմ արել՝ ներողություն եմ խնդրում, եւ մենք միասին կգնանք հարց լուծելու: Դա ենթադրում է քաղաքացիների բանակ, միասին երկարատեւ կանգնելը: Եթե մի քանի շաբաթ պայքարենք, մենք կունենանք այդ «նոր Հայաստանը, կուղղենք մեր սխալները եւ դա կանենք առանց արյան, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Ոչ մի աթոռ շարժի հայ մարդու արյունը»:





























