Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակչուհի Սվետլանա Ա.-ի հարազատները նոյեմբերի 29-ի երեկոյան նրան հայտնաբերել են լոգարանում՝ ուշագնաց վիճակում:

Սվետլանա Ա-ին անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ օրվա հերթապահ անեսթեզիոլոգ-ռեանեմատոլոգ Ալվարդ Հայրապետյանը, ելնելով տուժածի մոտ առկա կլինիկական նշաններից, ախտորոշել է շմոլ գազից թունավորում:

Հիվանդի վիճակը հիվանդանոց ընդունվելու պահին գնահատվել է ծայրահեղ ծանր:

Համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո միայն երկու ժամ անց է հնարավոր եղել վերականգնել կնոջ գիտակցությունը:

Բժշկի խոսքով՝ հազվադեպ է լինում, որ տուժածի անգիտակից վիճակը տեւի ժամեր: Սովորաբար դա տեւում է մի քանի րոպե:

Վանաձորում տարեկան շմոլ գազից թունավորման մի քանի դեպք է գրանցվում: Ա. Հայրապետյանի խոսքով թունավորման դեպքերն առավել հաճախ գրանցվում են աշնանն ու ձմռանը, երբ սկսվում է  ջեռուցման սեզոնը: