ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարում է, որ Թուրքիան կարող էր ռուսական Սու-24 օդանավը խոցել Անկարայի օդային սահմանը խախտելու պատճառով, սակայն միաժամանակ խուսափում է ցուցադրել, որ  բացահայտ աջակցում է Թուրքիայի գործողություններին։ Այս մասին գրում է  Foreign Policy ամսագիրը, փոխանցում է Gazeta-ն։

Սպիտակ տունը փորձում է չբարկացնել Ռուսաստանին եւ Թուրքիային, այդ պատճառով էլ չեզոք դիրքորոշում է ընդունել, կարծում է հոդվածագիրը։ Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու համար Վաշինգթոնն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքը, ինչի պատճառով ԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանին մեղադրել կատարվածի մեջ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն է եւ ՆԱՏՕ-ի անդամը, ինչի պատճառով ԱՄՆ-ը ստիպված է պաշտպանել կատարվածի  նրա տարբերակը։

«Օբաման հավասարակշռում է նուրբ սահմանային իր քաղաքականությունը՝ հռետորաբանորեն աջակցելով ՆԱՏՕ-ի իր դաշնակցի որոշումը, սակայն միաժամանակ չի ցանկանում, որ այս միջադեպը տապալի իր դիվանագիտական ջանքերը»,- ասել է Ազգային շահերի կենտրոնի փորձագետ Էնդրյու Բոուենը։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Օբամայի չեզոք դիրքորոշումը արդյունավետ չէ։ Վաշինգթոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետ Էնդրյու Թեբլերը կարծում է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգթոնը կկորցնի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի հարգանքը, իսկ ռուսները կհասկանան, որ Սիրիայում խաղաղության համար Օբաման պատրաստ է ամեն ինչի։ Մյուսները  կարծում են, որ ԱՄՆ-ն այլընտրանք չունի եւ պետք է շարունակի թուլացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն հաշվի չի առնում այն փաստը, որ Թուրքիան չի ձգտում համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարում։ Անկարան ռմբակոծում է քրդերին եւ անտեսում է ամերիկացի գործընկերների կոչերը, որոնք պահանջում են փակել Սիրիայի հետ սահմանի այն մասը, որից օգտվում են ջիհադիստները։